Ի՞նչպես հավաքել 1000 կտորանոց փազլ 85

Ի՞նչպես հավաքել 1000 կտորանոց փազլ


Շատերի համար փազլ հավաքելը թվում է մեծ գլխացավանք։ Դա հիմնականում նրանից է, որ կամ երբեք չեն փորձել ինքնուրույն հավաքել, կամ փորձել են մեկ անգամ ու վատ ռազմավարությամբ։ Եթե հետևեք այս պարզ կանոններին, այն կդառնա ոչ թե գլխացավանք,, այլ անչափ հաճելի ու հանգստացնող գործընթաց։

1. ԸՆՏՐԵՔ ՀԱՐՄԱՐ ՏԱՐԱԾՔ

1000 կտորանոց փազլը սովորաբար ունի մոտ 50×70 սմ չափ։ Հավաքման համար ընտրեք այնպիսի սեղան, որը դրանից ավելի մեծ է և հնարավորինս քիչ է օգտագործվում, քանի որ փազլը սովորաբար չի հավաքվում մեկ նստելով և կարող է պահանջել մի քանի ժամ կամ նույնիսկ մի քանի օր։

Լավ տարբերակ են՝

  • ճաշի սեղանը

  • հատուկ փազլների հավաքման սեղանը

Կարելի է օգտագործել նաև փաթաթվող գորգ, որի վրա կարող եք հավաքել փազլը և անհրաժեշտության դեպքում հեշտությամբ փաթաթել ու տեղափոխել։ Յատուկում մենք ունենք այդ գորգերից, բայց դրանք ներառված չեն հիմնական ապրանքացանկում։ Եթե ցանկանում եք ունենալ՝ գրեք մեր ֆեյսբուքին կամ ինստագրամին։


2. ՀՈԳ ՏԱՐԵՔ ԼԱՎ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Լուսավորությունը կարևոր է, որպեսզի աչքերը չհոգնեն և մանր գույները հեշտ տարբերակվեն։ Լույսը պետք է հավասարաչափ ընկնի փազլի ամբողջ մակերեսի վրա։

Միայն առաստաղի կամ բնական լույսը միշտ չէ, որ բավարար է և կարող է ստվերներ առաջացնել։ Լավ տարբերակ է սեղանի լամպը, որը ապահովում է ուղղված և հավասար լուսավորություն։

Եթե նման լույս չունեք, փորձեք սեղանը տեղադրել սենյակում այնպես, որ հնարավորինս լավ լուսավորվի։


3. ՏԵՍԱԿԱՎՈՐԵՔ ԵՎ ԽՄԲԱՎՈՐԵՔ ԿՏՈՐՆԵՐԸ

Սկզբում շրջեք բոլոր կտորները այնպես, որ նկարի կողմը վերև լինի։

Դրանից հետո կարող եք կտորները տեսակավորել՝

  • ըստ գույների

  • ըստ նկարի ակնհայտ հատվածների

  • ըստ ձևերի

Օգտակար է ունենալ մի քանի փոքր աման կամ տուփ՝ կտորները խմբավորելու համար։


4. ՍԿՍԵՔ ԵԶՐԵՐԻՑ

Փազլ հավաքելու ամենահարմար եղանակներից մեկը եզրերից սկսելն է։

Տեսակավորման ընթացքում գտեք և առանձնացրեք բոլոր այն կտորները, որոնք ունեն ուղիղ կողմ։ Դրանք կազմում են փազլի շրջանակը և արագ կօգնեն ստեղծել ամբողջական սահմանը։

Շրջանակը հավաքելուց հետո արդեն շատ ավելի հեշտ է պատկերացնել ամբողջ փազլի կառուցվածքը։


5. ՍԿՍԵՔ ԱԿՆՀԱՅՏ ՀԱՏՎԱԾՆԵՐԻՑ

Փազլների մեծ մասը ունի հեշտ ճանաչվող հատվածներ՝ օրինակ՝

  • մեծ գունային բծեր

  • առարկաներ

  • դեմքեր

  • շինություններ

  • տեքստեր կամ նախշեր

Սկսեք այդ հատվածներից և հավաքեք փոքր խմբեր։ Հետո դրանք միացրեք հիմնական շրջանակին։

Եթե որևէ հատվածի կտորները շատ նման են միմյանց, կարող եք դրանք լրացուցիչ խմբավորել նաև ըստ կտորի ձևի։ Սա կօգնի արագ գտնել ճիշտ կտորը։


6. ՉՀԱՆՁՆՎԵՔ

Փազլ հավաքելիս բնական է, որ երբեմն նույն կտորը մի քանի անգամ փորձեք սխալ տեղում։ Դա խաղի մի մասն է։

Եթե զգում եք, որ հոգնել եք կամ այլևս չեք կենտրոնանում՝

  • փոքր ընդմիջում արեք

  • թողեք փազլը և շարունակեք ավելի ուշ

Հաճախ հենց դադարից հետո ճիշտ լուծումները շատ արագ են հայտնվում։


7. ԱՄՐԱՑՐԵՔ ՊԱՏԿԵՐԸ

Եթե ցանկանում եք պահել կամ շրջանակի մեջ դնել ձեր հավաքած փազլը, վերջում կարող եք այն ամրացնել։

Դրա համար կան մի քանի տարբերակ․

  • փազլի համար նախատեսված ինքնակպչուն թերթեր

  • հատուկ փազլի սոսինձ

  • կամ ամրացնող թաղանթ

Սովորաբար փազլը շրջում են հակառակ կողմով և ամրացնում։ Եթե կարծում եք, որ շրջելը դժվար կլինի, կարող եք այն նախ բաժանել մի քանի մասի և հերթով ամրացնել։

Ստեղծեք ձեր սեփական արվեստի փազլների հավաքածուն՝ սկսելով Յատուկ փազլներից։ 

Հեղինակ՝ Ստեփան Կակոսյան